Բաժին. Պաշտոնական

Բարելավվում են զինծառայողների բնակարանային պայմանները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Ինչպես «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերն իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում: Արդյունքում՝ բնակարանի կարիքավոր 1492 ընտանիքներից  2018թ. անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 62 ընտանիքի կամ կարիքավորների 4,2 տոկոսին:

«Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է, մասնավորապես,  բժշկական մասնագիտության գծով ուսումնառություն անցած քաղաքացիների հետուսումնական պայմանագրային ծառայության 5 տարվա ժամկետը փոխարինել 4 տարի ժամկետով:

Share