Բաժին. Պաշտոնական

Դիտակ և Ջրաշեն համայնքներն ունեն վերանորոգված ավտոճանապարհներ

Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,116 կմ հատվածի վերականգնման աշխատանքներն ավարտված են։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված, դիտարկել իրականացված աշխատանքները։

Վերանորոգված 2,116 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 0,75 կմ-ն անցնում է Դիտակ համայնքով, 1,366 կմ-ը՝ Ջրաշենով։

Կապալառու կազմակերպությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, անցած յոթ ամիսների ընթացքում վերանորոգել է ճանապարհի հողային պաստառը, տեղադրել ասֆալտբետոնե պատվածք, վերանորոգել է ջրահեռացման համակարգը, տեղադրել է նոր երկաթբետոնե վաքեր և մետաղական խողովակներ։ Կառուցվել են մայթեր, իջատեղեր ու կողնակներ, տեղադրվել ճանապարհային նշաններ, անվտանգության էլեմենտներ, կատարվել է գծանշում:

Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհը վերականգնվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։

Աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

Share