Բաժին. Պաշտոնական

Տնտեսվարողների համաձայնությամբ ապամոնտաժվել են Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակները

Առաջինն ապամոնտաժվել են Երևանի բնակիչների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ապամոնտաժումն իրականացվել է տնտեսվարողի ուժերով: Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր:

Թեմայի շուրջ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր թվիթերյան էջում գրել է․ «Այսօր սկսեցինք Օպերայի հարակից տարածքի գովազդային վահանակների ապամոնտաժման և տեղափոխման գործընթացը։ Շնորհակալություն այն տնտեսվարողներին, որոնք, անսալով մեր խնդրանքին, ապացուցեցին, որ Երևանի հանդեպ սերը վեր է գործարար շահերից»։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվող ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապամոնտաժել խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները, որոնք, հատկապես երեկոյան ժամերին, վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար: Նախատեսվում է գովազդային վահանակներից մաքրել նաև Աբովյան փողոցը: Հետագայում նաև կմշակվեն Երևանում գովազդային վահանակների տեղադրման թույլատրելի վայրերի հատուկ չափորոշիչներ:

Share