Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյան․ Ներդրողներին խորհուրդ եմ տալիս իրենց ներդրումները սկսել Գյումրիից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գյումրու աղետի գոտին վերացնելու միակ միջոցը տնտեսական հեղափոխությունն է համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Այսօր, հեղափոխությունից 6 ամիս անց ձեզանից վստահության քվե ենք ուզում Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Շատ է խոսվում այն մասին, թե ինչպես պետք է վերացնել աղետի գոտին։ Աղետի գոտին վերացնելու ելքը միայն տնտեսական հեղափոխությունն է։ Գյումրեցին աշխատելու է, և որևէ մեկի ողորմության կարիքը չունի»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրենց կողմից իրականացված և իրականացվելիք բարեփոխումներին։

«Մենք 2019թ.-ից բարձրացնելու ենք 85 հազար մարդու թոշակները, առաջինը նրանց, ում ստացածը պարենային զամբյուղից ցածր է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեկ ընտանիք ենք ու մեր ընտանիքի ունեցած հնարավորությունները սահմանափակվում են պետական բյուջեով։ Մեր կատարած փոփոխությունների արդյունքում 125 հազար մարդու վարկային պատմություն է մաքրվել, ու նրանք նորից կարող են վարկ ստանալ, հիփոթեքային տոկոսադրույքներն են իջել, անշարժ գույքի գներն են աճում։ Հեղափոխությունից հետո Հայաստան ավելի շատ մարդ վերադարձել է, քան հեռացել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև հեղափոխությունը Գյումրիից սկսելու պատճառները։

«Ես հիշում եմ այն օրը՝ 2018թ. մարտի 31-ը, երբ Վարդանանց հրապարակի կենտրոնից առաջին քայլերն էինք անում։ Հիմա ամբողջ աշխարհը գիտի, որ հեղափոխությունը սկսել է Գյումրիում 2018թ. մարտի 31-ին։ Սկսեցինք Գյումրիից, որովհետև գիտեինք, որ այն գործը, որ Գյումրիում սկսես, այդ գործը աջ է գնալու։ Ես բոլորին, նաև ներդրողներին խորհուրդ եմ տալիս ներդրումները սկսեն Գյումրիից»,- ընդգծեց Փաշինյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

Share