Բաժին. Պաշտոնական

Էլեկտրոնային առողջապահության ներդրման համար արտադրված հայկական 2.400 դյուրակիր համակարգիչները Հայաստանում են

Էլեկտրոնային առողջապահության ներդրման համար նախատեսված հայկական արտադրության 2.400 դյուրակիր համակարգիչները արդեն Հայաստանում են։ Դրանք բաշխվելու են երկրի բոլոր բուժհիմնարկներին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության  նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը մի կողմից թույլ կտա ավտոմատացնել և դյուրացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող և բժշկական անձնակազմի գործավարությունը, նվազեցնել առկա փաստաթղթաշրջանառությունը և թղթային գրանցումները, բժշկին ապահովել քաղաքացու հիվանդության պատմության առցանց հասանելիությունը, իսկ մյուս կողմից` ՀՀ քաղաքացիներին տրամադրել բժշկական հաստատություններ այցերի առցանց պլանավորումը, ինչպես նաև սեփական հիվանդության պատմության դիտման հնարավորությունը:

Այս համակարգի ներդրման շրջանակներում բժշկական հաստատությունների մասնագետների համար պատրաստվել են ուսումնական նյութեր, որոնց միջոցով կարելի է ամբողջությամբ անցնել համակարգի ուսուցման դասընթացը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share