Բաժին. Պաշտոնական

ԵՄ-ն ակնկալում է աշխատել Հայաստանի նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ

Եվրամիությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր քայլ է համարում երկրում ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչի հայտարարության մեջ:

«Ինչպես նշվում է Միջազգային դիտորդական առաքելության հայտարարության մեջ՝ այս ընտրություններն անց են կացվել` «հարգելով հիմնարար ազատությունները և վայելել են լայն հանրության վստահությունը, ինչը պետք է պահպանվի առաջիկա ընտրական բարեփոխումների ժամանակ»: Եվրամիությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական ու բարգավաճ ապագային»,- ասվում է հայտարարության մեջ: ԵՄ-ն ակնկալում է շարունակել ջանքերը՝ հանուն երկրի ապագա ժողովրդավարացման ու արդիականացման:

«Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ՝ խորացնելու մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունները՝ հիմնված ԵՄ- Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հանձնառությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Share