Բաժին. Պաշտոնական

Գեղամ Գևորգյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Գաել Ասայագի ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման  ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես  անդրադարձ է կատարվել «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի ստորագրմանն  առնչվող մի շարք հարցերի։

Գեղամ Գևորգյանը  նշել է, որ ծրագրի իրականացումը մեծ կարևորություն ունի Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար, և նախարարությունը կներդնի առավելագույն ջանքեր համաձայնագրի ստորագրումն ու ծրագրի մեկնարկն արդյունավետ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ։

Ծրագրի շրջանակում Հայաստանին  նախատեսվում է տրամադրվել  10 մլն եվրո դրամաշնորհ, որն ուղղվելու է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքների հողերի խոշորացմանը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը:

Share