Բաժին. Պաշտոնական

«Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ների ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները կազատվեն մաքսատուրքից

Կառավարության որոշումներով բավարարվել է «Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Սպայկա» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղմթերքի վերամշակման մեջ՝ իրականացնելով 28 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում կստեղծվի 1600 աշխատատեղ՝ 190,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել ևս 300 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ ՀՀ դրամ ։

«Նանման»-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջինսե հագուստի արտադրության մեջ: Ներդրումային ծրագիրը իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ կատարելով 110,100,000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 3 նոր աշխատատեղ՝ 78,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 150,470,000 ՀՀ դրամ ։

«Պրոֆ ԱԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1,000,000,000 ՀՀ դրամի ներդրում՝ ստեղծելով 50 նոր աշխատատեղ՝ 280,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20,000,000,000 ՀՀ դրամ։

Share