Բաժին. Պաշտոնական

Զովաբեր համայնքն այսուհետ ունի հիմնանորոգված խմելու ջրատարի արտաքին ցանց

Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է խմելու ջրատարի արտաքին ցանցը 1200 գծամետր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զովաբերի գյուղապետ Սամվել Եսայանը, ծրագրի նախագծային արժեքը կազմել է 11 միլիոն 69 հազար դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 6 միլիոն 996 հազար դրամով, որից 4 միլիոն 197 հազարը ներդրել է Զովաբերի գյուղապետարանը, 2 միլիոն 798 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը: Շինարարական աշխատանքները մեկնարկել եւ ավարտվել են 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, սակայն համայնքի խմելու ջրի մատակարարման բարելավման ծրագիրը պետք է իր շարունակությունն ունենա եկող տարվա ընթացքում: «Մեր խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 15 կիլոմետր երկարություն: Այն կառուցվել է նախորդ դարի 70-ական թվականներին ու աստիճանաբար կորցնում է շահագործման պիտանիությունը: Ջրի նկատելի կորուստներ ունենք թե արտաքին, թե ներքին ցանցերում, սակայն կարեւոր է արտաքին ցանցի կորուստների կրճատումը, քանի որ ձմռան ընթացքում սպասվող վթարների վերականգնումը շատ դժվար կլինի իրականացնել գյուղից տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ:

Այս տարի մեզ հաջողվեց սուբվենցիոն ծրագրի հաշվին մետաղապլաստե խողովակներով հիմնանորոգել քայքայված արտաքին ցանցի 1200-մետրանոց հատվածը: 2019 թվականի ընթացքում նախատեսում ենք հիմնանորոգել արտաքին ցանցի եւս 3-կիլոմետրանոց առավել քայքայված հատված: Իսկ ամբողջ ցանցը հիմնանորոգելու համար պահանջվելու է մեծ գումար, որի հնարավորությունը մեր բյուջեն չունի: Դրա համար էլ որոշել ենք խնդիրը լուծել մաս առ մաս՝ ներառելով նաեւ խմելու ջրատարի ներքին ցանցի նորոգումը: Զովաբերում խմելու ջուր մատակարարվում է ամեն օրը՝ մոտ յոթժամյա տեւողությամբ: Այս ծրագրի իրականացմամբ որոշակիորեն բարելավվել է ջրամատակարարումը, սակայն շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար մեզ հարկ կլինի հիմնանորոգել արտաքին ու ներքին ցանցերն ամբողջությամբ»,-ներկայացրեց Սամվել Եսայանը:

Խոսրով Խլղաթյան

Share