Բաժին. Պաշտոնական

Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 5 մլրդ 705 մլն դրամ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բնակարան ձեռքբերելու նպատակով պետական մասնակցության չափով աջակցություն ցուցաբերելու համար:

2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որից 326-ը՝ Երևանում: Նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր:

Share