Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը՝ Սփյուռքի նախարարության հետագա գործունեության մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության մասին խոսակցություններին և մտահոգություններին: «Ես ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ Սփյուռքի նախարարության պարագային, որովհետև կարծում եմ՝ թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել սփյուռքի նախարարության վրա: Հակառակը, տվյալ դեպքում էլ խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Այս առումով, մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակն, ըստ էության, ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կունենանք սփյուռքի մեր հայրենակիցների հետ, և հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության և կոնսենսուսի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Կրկին ասում եմ, որ այստեղ մեր խնդիրը հարաբերությունների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, որպեսզի փոխադարձաբար գոհ լինենք ինչպես ընթացքից, այնպես էլ արձանագրված արդյունքներից: Մենք, իհարկե, կգնանք հետևողական, հաստատուն և մտածված քայլերով: Համոզված եմ, որ արձանագրված լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը և, իհարկե, պետք է գոհացնեն բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են Հայաստանում պետական կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներով և այն համարում են իրենց լուծելիք խնդիրը»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Share