Բաժին. Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը:

Հաշվի առնելով, որ մոտ կես տարի է անցել պարոն Կասիմի հետ ունեցած վերջին հանդիպումից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է վերջին ժամանակաշրջանում երկրում տեղի ունեցած զարգացումներն և վերջերս հաստատված Կառավարության ծրագրի գերակայությունները:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ ունեցած համագործակցության մակարդակը և ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության հետ փոխգործակցության արդյունավետությունը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է ԱԶԲ-ի գործունեությունը հատկապես մասնավոր հատվածում, քանի որ դա, ըստ փոխվարչապետի, նպաստում է երկրում ճիշտ բիզնես մշակույթի ներդրմանը, գործարարության ոլորտում թափանցիկության բարձրացմանը և թիրախային լուծումների մշակմանը:

ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ ԱԶԲ-ն ձգտում է դառնալ գիտելիքի բանկ և փորձագիտական աջակցություն ցուցաբերել գործընկերներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կրթության, արդարադատության, ֆինանսների և ենթակառուցվածքների ոլորտներում նախատեսված բարեփոխումների բովանդակության շուրջ:

Share