Բաժին. Պաշտոնական

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարվելու մասին» եւ կից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Նախարարը նշել է, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են որոշ փոփոխություններ: Այսպես՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական նախարարության, լրացվել են նաեւ այս կառույցի գործառույթները: Որոշ փոփոխություններ են կատարվել Կառավարության նիստերը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դրույթում: Սահմանվել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնելու չափորոշիչները: Ըստ այդմ՝ հանձնակատարի հայեցողական պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող եւ երկու օտար լեզվի տիրապետող անձը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Հովակիմյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկում է ԱԱԾ-ն դարձնել նախարարություն՝ խորհրդարանական վերահսկողության ներքո: Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է ներկայացված կառուցվածքին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ Կառավարության՝ առաջարկվող նոր կառուցվածքը չի նպաստելու հեղափոխությունից հետո երկրի առջեւ դրված ծրագրերի իրականացմանը: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

«Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա անդրադարձել է գործընկերների ելույթներին՝ վստահեցնելով, որ փոխվելու է գործող «սուպերվարչապետի» ինստիտուտը: Խմբակցությունն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ իրականացնել եւ ուժային կառույցների ղեկավարներին հաշվետու դարձնել Ազգային ժողովին: Սակայն, ըստ ԱԺ փոխնախագահի, ընդդիմությունն այդ առաջարկը մերժել է եւ հարցը կարգավորելու նպատակով հանդես չի եկել նոր նախաձեռնությամբ: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթներում Վահագն Հովակիմյանը եւ Արտակ Զեյնալյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

Share