Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը:

«Մենք ավարտեցինք Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը: Հարցերի լայն շրջանակ ենք քննարկել ու գործականում համաձայնության ենք հանգել օրակարգի բոլոր հարցերի շուրջ: Սա ԵԱՏՄ հոբելյանական նիստն է: 25 տարի է անցել եվրասիական ինտեգրման առաջարկի պահից և 5 տարի՝ ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագրի կնքումից: Սա խորհրդանշական տարեթիվ է, և խորհրդանշական է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ Ղազախստանում»,- նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դեռ մնացել են հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն:

«Մենք եկանք այն եզրակացության, որ շարունակելու ենք աշխատանքը այդ հարցերի շուրջ: Ինչպես արդեն ասացի իմ ելույթում, շատ կարևոր է ԵԱՏՄ միջտնտեսական կապերի ընդլայնումը: Այժմ ԵԱՏՄ-ն բանակցություններ է վարում Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի հետ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է ԵԱՏՄ երկրների համար»,- նշել է Փաշինյանը:

Նա հայտնել է նաև, որ 2019թ. ԵԱՏՄ-ն ծրագրում է գործընկեր երկրների հետ երկու համաձայնագիր կնքել:

«Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք, որպեսզի աշխատենք բոլոր այդ ուղղություններով: Մենք այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարել ենք ակտիվացնել բոլոր այդ ուղղություններով տարվող աշխատանքները: Հուսով եմ` արդեն այս տարի կկարողանանք ստորագրել նվազագույնը երկու համաձայնագիր ԵԱՏՄ-ի ու գործընկեր երկրների միջև։ Հետագայում այս ուղղությամբ աշխատանքը կշարունակվի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում տեղի ունեցած նիստն, ընդհանուր առմամբ, հաջողված է համարել՝ նշելով, որ իրենք շարունակելու են աշխատել նույն ոգով:

Share