Բաժին. Պաշտոնական

Արմեն Սարգսյանը 5 նախարար է նշանակել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվել շրջակա միջավայրի նախարար:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:

Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:

Օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ կառավարությունը բաղկացած է հետևյալ նախարարություններից.

Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Share