Categories: Պաշտոնական

Հակոբ Արշակյանը հանդիպել է կոնգրեսական Աննա Էշուին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է  ԱՄՆ Կոնգրեսի հաղորդակցության և տեխնոլոգիաների հանձնաժողովի և Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական  Աննա Էշուին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից, նախարար Արշակյանը կոնգրեսական Էշուին ներկայացրել է Կալիֆոռնիայի Սիլիկոնյան հովիտ իր կատարած այցի և դրա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Զրուցակիցները քննարկել են  Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր,  մասնավորապես` Կալիֆոռնիայի հեղինակավոր կրթական հաստատությունների` Բերքլիի,  Սթենֆորդի, Սանթա Քլարայի համալսարանների հետ փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները, «Օրաքլ», «Սիսքո» և նմանատիպ այլ ընկերությունների հետ համագործակցության հաստատման ու ծավալման հնարավորությունները:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության ընդլայնման և զարգացման հարցում առանձնակի կարևորվել է Կալիֆոռնիայի հայ համայնքի դերակատարումն ու ներգրավվածությունը և ձեռք բերվել է պայմանավորվածություն Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում ակտիվ համագործակցության շուրջ։

Share