Բաժին. Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է էլ ավելի խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում:

Դեսպան Թիան Էրլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցել է փոխվարչապետին Հայաստանում ՓՄՁ-ների և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ չինական կողմի հետաքրքրվածությունը և ներկայացրել այն հիմնական բնագավառները, որտեղ հնարավոր է ընդլայնել փոխգործակցությունը: Ընդգծելով Հայաստանի պատմական դիրքը Մետաքսի ճանապարհին՝ դեսպանը կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև կարևորել Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումն ու հանձնաժողովի նիստում արդիական հարցերի ընդգրկումը:

Share