Բաժին. Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական DEG միջազգային ֆինանսական կազմակերպության փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական DEG միջազգային ֆինանսական կազմակերպության փոխնախագահ Իրինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է DEG–ի գործունեությունը Հայաստանում: Մհեր Գրիգորյանը կազմակերպության մասնակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի զարգացման գործում համարել է մեծ ներդրում երկրում արդի բիզնես կանոնների ներդրման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից:

Իրինա Շմիդտը փոխվարչապետին ներկայացրել է Հայաստանում իրենց շուրջ 15-ամյա գործունեության ընթացքում ձեռքբերված հաջողություններն ու առաջիկայում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում կապիտալի լիարժեք շուկա ունենալու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի նաև ներքին և արտաքին ներդրումների ակտիվացմանը: Անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից էներգախնայողության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարին:

Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները ֆինանսական ինստիտուտների արդյունավետ և նպաստավոր գործունեության համար, ինչի մասին վկայում են նաև մակրոտնտեսական ցուցանիշները և վարկանիշավորող միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները:

Share