Բաժին. Պաշտոնական

ՀՀ ՏՄՊՊՀ – ՄԱՐԶԵՐԻ ԽՈՇՈՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետները ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամների և աշխատակիցների հետ համատեղ կանցկացնեն հերթական սեմինարը`  Կոտայքի և Արմավիրի մարզերում:

Հուլիսի 26-ին նախատեսվում է աշխատանքային խմբի այցը Կոտայքի մարզի Հրազդան քաղաք: Միջոցառմանը ներկա կլինի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մարզպետարանի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և աշխատակիցներ: Մարզային այցելությունների ժամանակ ՏՄՊՊՀ կազմում կլինեն Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, Հանձնաժողովի անդամներ և աշխատակիցներ:

Հուլիսի 27-ին աշխատանքային խումբը կայցելի քաղաք Արմավիր, որտեղ միջոցառմանը  ներկա կլինեն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Մարզերում անցկացվող սեմինարը վերաբերելու է  պետական օժանդակության հիմնական չափանիշների թեմային:  Պետության կողմից տնտեսվարողներին տրվող ֆինանսական աջակցության կամ հարկային արտոնության օրինականության վերաբերյալ քննարկումները կլինեն միջոցառման օրակարգում: ԵՄ փորձագետները կներկայացնեն պետական օժանդակության վերաբերյալ իրական գործեր:

Քանի որ սա Հանձնաժողովի առաջին մարզային այցն է, ԵՄ Թվինինգ ծրագրով նախատեսված սեմինարից բացի Հանձնաժողովի մասնագետները շրջայց կկատարեն նաև Հրազդանում և Արմավիրում ՝  ծանոթանալու սպառողական շուկայում տիրող իրավիճակին: Փորձագետները խոշոր առևտրի կետերում կիրականացնեն գների մոնիտորինգ, կտեղեկանան սպառողների խնդիրներին և կուսումնասիրեն՝ արդյոք առկա են օրենքի հնարավոր խախտումներ, թե՝ ոչ: 

Share