Բաժին. Այլ Լուրեր

ՈՎՔԵՐ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԷՋԸ

Նախորդ շաբաթ հանրապետության կայքերի վրա կատարված հարձակումն աննախադեպ էր, հակերները մեծ քանակությամբ կայքեր էին կոտրել, այդ թվում` ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Մասնագետներն այսօր դժվարանում են պատասխանել, թե հարձակման հեղինակները որ երկրի ներկայացուցիչներ են եղել: Նրանք պաշտոնապես ներկայացել են որպես Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Կորեայի հակերներ: Սակայն այդ տեղեկատվությունը կարող է չհամապատասխանել իրականությանը:
 
«Արմինկո» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանն այսօր լրագրողներին ասել է, որ աշխարհի 100-ից ավելի երկրներում գործում են հակերների խմբեր հատուկ ծառայությունների ենթակայությամբ: Հուլիսի 13-ից սկսված տեղեկատվական զանգվածային գրոհը հաջողվել է ժամանակին կանխել: Հակերների հիմնական գործունեությունն ուղղված է եղել էլեկտրոնային բառարանների միջոցով գաղտնաբառերը պարզելուն: «Արմինկո»-ն իր բոլոր բաժանորդներին նախազգուշացրել է, որ ավելի երկար` 10 նիշանոց գաղտնաբառեր կիրառեն` օգտագործելով նաեւ թվեր եւ հատուկ նշաններ: Դա հնարավորություն է տվել համակարգի պաշտպանվածությունը բարձրացնել: Հակերներին հուլիսի 18-ի երեկոյան հաջողվել է կոտրել ՀՀ կառավարության կայքը եւ փոխել գլխավոր էջի նկարը: Գ.Սաղյանի խոսքով` կայքում այլ փոփոխություններ կատարել եւ տեղեկատվություն վերցնել չի հաջողվել, քանի որ համակարգը պաշտպանված է:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ այս հարձակումն ավելի լուրջ էր, սակայն դժվար թե ՀՀ կառավարության կայքի հետ տեղի ունեցածը ադրբեջանցիների նախաձեռնությունը լինի: Նրա խոսքով` ադրբեջանցիներն այլ ձեռագիր ունեն. օրինակ` 5 տարի առաջ կոտրելով հայկական կայքերը` տեղադրում էին հայհոյանքներ, Խոջալուի զոհերի պատկերները եւ ջնջում տեղեկատվությունը: Վերջին 2 տարիների ընթացքում կոտրելով կայքերը`  ադրբեջանցի հակերները ձգտում են նաեւ իրենց հետ տանել ներքին տեղեկատվության շտեմարանը, ինչն այս դեպքում չի եղել: Նա կարծում է, որ  այս նախաձեռնության հեղինակը ոչ թուրքերն են, ոչ էլ ադրբեջանցիները: Աշխարհում մեծ քանակի հակերային խմբեր կան, որոնք պարզապես իրենց ուժերն են փորձում կամ ցանկացել են իրենց ցուցակում ընդգրկել նաեւ ՀՀ կառավարության կայքը: «Հայաստանի կառավարության կայքի վրա աշխատանքներ կատարելու հնարավորություն ունենալն ու լուրջ փոփոխություններ չկատարելը ադրբեջանցիների ձեռագիրը չէ»,- ասաց նա:

Share