Բաժին. Այլ Լուրեր

ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՎԱՐԱԿԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. ՇՐՋԵ՞Լ ԴԻՄԱԿՆԵՐՈՎ, ԹԵ՞ ՈՉ

H1N1 գրիպի առաջին կասկածելի դեպքը Հայաստանում արձանագրվել է օրերս` ՀՀ ժամանած Իրանի քաղաքացու մոտ: Լաբորատոր հետազոտությունները հաստատել էին ախտորոշումը: Հիվանդը բուժում է ստացել Հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցում, արդեն ապաքինվել է, դուրս գրվել և մեկնել Իրան: Եւս երկու դեպք արձանագրվել էր 2 օր առաջ. հիվանդները ՀՀ քաղաքացիներ են, ովքեր ժամանել են Ռուսաստանից և կրկին ունեցել գրիպի ախտանիշեր: Հետազոտությունից հետո տրվել է նույն ախտորոշումը: Նրանք ևս ներկայում բուժում են ստանում Հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Առաջիկա 2-3 օրվա ընթացքում բուժումը ստանալուց հետո նրանք ևս դուրս կգրվեն: Չնայած հայաստանյան լաբորատորիաները հաստատել են, որ նշված հիվանդների մոտ եղել է H1N1 գրիպ, այդուհանդերձ, դեռ սպասվում է Լոնդոնի լաբորատորիայի վերջնական պատասխանը` հստակեցնելու` արդյո՞ք այդ վարակն արդեն Հայաստան է ներթափանցել, թե ոչ:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր լրագրողներին հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է դիմակայել խոզագրիպին: Այժմ կա պահեստավորած 7.500 դոզաչափ «Տամիֆլյու» դեղամիջոց, որը համարվում է այս պայքարի դեմ արդյունավետ դեղամիջոց: Առաջիկայում ձեռք կբերվի ևս 20.000 դոզաչափ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջով` Հայաստանը պետք է ունենա մոտ 30.000 դոզաչափ, ինչը կապահովվի:

Վարակի տարածումից խուսափելու համար բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ են տարվում, որոնք մոտակա օրերին ավելի ինտենսիվ կդառնան` կոչ անելով ոչ թե խուճապի մատնվել, այլ պարզապես ավելի զգույշ լինել:

Առողջապահության նախարարությունը ներկայում փորձում է խոշոր գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ Հայաստան ներկրել այս վարակի դեմ Արևմուտքում մշակված պատվաստանյութը: Մի շարք կազմակերպություններ արդեն իրենց աջակցությունն են հայտնել` ամենակարճ ժամանակաշրջանում Հայաստան ներկրելու այդ պատվաստանյութերը, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել գրիպի տարածումը: Հ. Քուշկյանը հիշեցրեց, որ ԱՀԿ-ի ժամանակացույցով նախատեսված է պատվաստանյութերը Հայաստան ներկրել հունվարին, քանի որ արձանագրված դեպքեր չէին եղել: Պատվաստանյութը Հայաստան հասնելուց հետո նախարարության միջոցներով  կանցկացվեն պատվաստումներ բնակչության մի շարք խմբերի մոտ, որոնք համարվում են ռիսկային: Այդ խմբերում ազգաբնակչության հետ առաջնային շփում ունեցող անձինք են` բժիշկները, կենցաղսպասարկման ոլորտի աշխատակիցները, որոնց համար առաջին հերթին կանցկացվեն պատվաստումները, ապա նաև` ուսանողները: Երեխաների հանդեպ ավելի զգույշ մոտեցում կցուցաբերվի, նրանց համար ձեռք կբերվեն մեկ դոզայի չափաբաժնով արտադրվող պատվաստանյութեր, որոնք շատ ավելի անվտանգ են ու կողմնակի ազդեցություն գրեթե չունեն:

Հ. Քուշկյանի տեղեկացմամբ` ՀՀ բուժհաստատությունները ներկայում աշխատում են կարանտինային ռեժիմով, բժիշկներն ընդունարաններում, վերակենդանացման բաժանմունքներում պարտադիր պետք է պաշտպանական դիմակներ կրեն, քանի որ մեծաթիվ մարդկանց հետ են շփվում:
Դեպի Հայաստան բերող բոլոր անցակետերում 24 ժամ շարունակ հատուկ մասնագիտացված խմբեր են աշխատում` առնվազն 4 հոգուց բաղկացած, և բոլոր «կասկածելի», գանգատներ ունեցող անձինք միանգամից առանձնացվում են և բուժզննման ենթարկվում: «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված է հատուկ համակարգ, որը կարողանում է հայտնաբերել ջերմող հիվանդներին, որոնք ևս բուժզննման են ենթարկվում:

H1N1-ը սեզոնային գրիպից առանձնապես չի տարբերվում: Դրա ժամանակ արձանագրվում են նույն ախտանիշերն, ինչ որ սովորական սեզոնային գրիպի ժամանակ: Դրա դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի, կատարել նրա բոլոր ցուցումները: Վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է սահմանափակել շփումները, օգտագործել մեծ քանակով հեղուկներ, պահպանել հիգիենայի կանոնները:

Շրջել դիմակներով, թե ոչ: Հարցին Նախարարը պատասխանեց, որ դա էլ պաշտպանման մի միջոց է: Պարզապես պետք է դիմակները մի քանի ժամը մեկ փոխել, քանի որ երկար մնալուց դիմակները խոնավանում են` դառնալով վարակի պոտենցիալ աղբյուր:

Share