Բաժին. Այլ Լուրեր

Բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները

Կառավարությունը սահմանել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները: Հիմնավորման համաձայն՝ ներկայում տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում (բացառությամբ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքերի), այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային: Խնդիրն առավել մտահոգիչ է հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի բնակավայրերում, միջպետական, հանրապետական ու մարզային և այլ նշանակությամբ ճանապարհներին միաժամանակ և անընդմեջ ապահովվի հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների պահպանման նկատմամբ: Որոշմամբ, մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում:

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշել է, որ որոշման նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների կողմից արձանագրելու հնարավորություն տալն է: Բջջային հավելվածը հասանելի կլինի ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար: «Հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթն իրականացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնելու իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, բացի այդ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին»,-ասել է ոստիկանապետը: Վահե Ղազարյանը հայտնել է, որ բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն: Արդյունքում կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ուսումնասիրել ցանկում նաև ավտոմեքենայում 1-ից ավելի մարդ լինելու պարագայում դիմակ չկրելու դեպքը ներառելու հարցը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share