Բաժին. Այլ Լուրեր

Վիվա-ՄՏՍ. Թիրախային ծրագիր՝ սահմանապահ Ոսկեպարում

Սահմանապահ Ոսկեպարում 8 ամիս առաջ գործարկվել է լուսադիոդային (LED) լուսարձակներով գործող՝ արտաքին լուսավորության համակարգ: Տեղադրվել է 40 լուսարձակ, լուսավորվել է մի ամբողջ թաղամաս՝ շուրջ 1.5 կմ ճանապարհ: Համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն աջակցել են  Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Իր ներդրումն է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Ոսկեպարում արդեն հասցրել են գնահատել «Էկո գյուղերի ցանց» ծրագրի դրական ազդեցությունը: Գործակցող կողմերն էլ որոշել են շարունակել և գրեթե ամբողջությամբ լուծել խնդիրը: Ազդարարվել է երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագրի՝ երկրորդ փուլի մեկնարկի մասին: Մինչև տարեվերջ, նախատեսվում է 1250մ-ով ավելացնել գյուղի՝ լուսավորված փողոցների հատվածը: Այդ ամենը հաստատող տեսազանգի ընթացքում քննարկվել է սահմանապահ գյուղերում երկարաժամկետ և թիրախային ծրագրի կարևոր ազդեցության հարցը: Գործակցող կողմերը վստահ են, որ ծրագիրը թույլ է տալիս սահմանապահ գյուղերում բարձրացնել մարդկանց կյանքի անվտանգության աստիճանն ու խնայել համայնքային միջոցները:

«Ձեզ հետ չեմ ֆիզիկապես, բայց կարևորն արդյունքն է։ Սահմանապահ գյուղերի նկատմամբ մեր վերաբերմունքն անփոփոխ է։ Ամեն տարի ձգտում ենք որոշակի ներդրում ունենալ, որպեսզի դուք միշտ վստահ լինեք, որ մեզ բաժանում է միայն ֆիզիկական հեռավորությունը, և որ դուք մենակ չեք։  Նման ծրագրերի միջոցով մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը եղել ու մնում է մեր կարևոր նպատակներից։ Ամուր մնացեք, ամուր պահեք մեր սահմանները և առողջ եղեք»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Լուսավորությունն առաջնային է սահմաններում: Արդեն 4 տարի, դուք աջակցում եք, որպեսզի մեր տարածաշրջանում լուծվի այդ խնդիրը: Այդ ամենը ոգևորում է գյուղացուն, ով հպարտ կանգնած է իր հողի վրա: Խնդրի կարգավորումը կարևոր է գիշերային ժամերին մարդկանց անվտանգությունն ապահովելու և համայնքի միջոցները խնայելու տեսանկյունից»,- ասել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:

«Ծրագրի երկրորդ փուլի համար, կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են: Հենասյուների տեղակայման տեղերն ընտրված են, հենասյուներն ու լույսերը՝ պատվիրված են: Շինարարական աշխատանքներն առաջիկայում կսկսվեն: Երբ այդ ամենն ավարտենք, կարելի է վստահաբար ասել, որ գյուղում 95%-ով՝ լուսավորված Ոսկեպար կունենանք»,-ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:

Ծրագրի ձեռքբերումները կարևոր են համարում նաև բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ու համայնքի  բնակիչները:

Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման համար, տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, որոնց հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

Բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում  են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Գյուղի փողոցները կլուսավորվեն մինչև գիշերվա 01:00-ն:

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ.-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share