Բաժին. Այլ Լուրեր

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձին մասնակցել է 100 մարդ, փորձել են գրավել «Անվախ» դիրքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբին անդրադարձավ այս գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատայինների կողմից ավելի քան 100 հոգու կազմով  դիվերսիոն հարձակմանը: Այն ուղղված է եղել ՀՀ ԶՈւ Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելուն:

«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։ Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության՝ կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվեր Անվախ դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մեղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան՝ ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սկսած կիրակի օրվանից, ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ։ «Ես արդեն հանձնարարել եմ ուսումանսիրել վերջին օրերի հասցրած վնասները և տալ գնահատական»,- հավելեց կառավարության ղեկավարը:

Share