Բաժին. Այլ Լուրեր

Մայր Աթոռն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական դպրոցից

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի, դուրսբերումը հանրակրթական դպրոցից:

«Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է նկատում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի, դուրսբերումը հանրակրթական դպրոցից և սպասում է, որ պետական լիազոր կրթական մարմինը հարգի նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առարկայի, որպես առանձին բաղադրիչ դասավանդման առնչությամբ»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հիմնականում տարալուծվել է «Հայոց պատմություն» և «Ես և իմ հայրենիքը» առարկաների մեջ, իսկ 5­րդ դասարանի դասագրքի նյութն ամբողջությամբ դուրս է բերված ծրագրից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ Մայր Աթոռն այս հարցում որևէ շահադիտական նպատակադրում չունի:

«Մենք, որպես եկեղեցի, որևէ մասնավոր, ճղճիմ և շահադիտական նպատակադրում չունենք այս ամենի մեջ: Մեր նպատակը հայ սերնդին լիարժեք, հայ քրիստոնեական ինքնությանը համապատասխան կրթություն տալու մտահոգությունն է»,- նշեց Աջապահյանը:

Հուլիսի 15 ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը: Նախագծում ներառված են «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։

Նորայր Շողիկյան

Share