Բաժին. Այլ Լուրեր

FAST. «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացի մեկնարկ

Մեկնարկել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացը։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ վեցամսյա դասընթացին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 450 երիտասարդ (զորակոչի ենթակա տղաներ ու աղջիկներ) Հայաստանի 10 մարզերից։ Դիմորդներից 85-ը մարզերից էին, աղջիկ դիմորդները 45-ն էին։ Թեստավորման և հարցազրույցի փուլերից հետո 65 երիտասարդներ մասնակցելու են անվճար դասընթացին։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինծառայողները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն։

FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։ Դասընթացները պարբերական են․ մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։

Նախապատրաստական երկրորդ դասընթացի գրանցումը մեկնարկել էր ապրիլի 3-ին, կարող էին դիմել ՀՀ բոլոր մարզերից զորակոչի ենթակա տղաները,ինչպես նաև աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ Առավելություններ Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝

  • աշխատելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում
  • աշխատելով բարձր տեխնոլոգիական ընկերություններում
  • ներգրավվելով հետազոտական լաբորատորիաներում
  • ձևավորելով սեփական ստարտափը

Դասընթացի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով FAST հիմնադրամի պաշտոնական կայքէջ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

 

Share