Բաժին. Այլ Լուրեր

«Կողբ» հիմնադրամի կայքում արդեն հասանելի է բարեգործական ծառատունկի հարթակը։

Ծառատունկից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Կողբ սահմանամերձ համայնքում Թումո ստեղծարար կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։

2020 թվականի նոյեմբերին լրանում է  «Կողբ» հիմնադրամի 7-ամյակը, ինչի առթիվ ավելի քան 5 հա տարածքի վրա կտնկվի 7,000 ծառ։

«Կողբ» հիմնադրամի կայքում արդեն գործում է հատուկ հարթակ՝  https://koghb.org/hy/planting, որտեղ կարող եք ամրագրել ձեր անվանական ծառը։ Հարթակը հնարավորություն է տալիս մի քանի պարզ քայլի միջոցով սխեմատիկ քարտեզի վրա ընտրել և ամրագրել 13 տեսակի անտառային, անտառային-պտղատու և գեղազարդ 7000 ծառերից՝ ցանկացած քանակի և արժողության, որից հետո կատարել առցանց վճարում։

Ծառատունկի միջոցառումը կկայանա 2020 թ.-ի նոյեմբերին։ Նրանք, ովքեր նախապես կամրագրեն իրենց անվանական ծառերը, կարող են անձամբ մասնակցել ծառատունկին և տնկել իրենց ծառերը։

Ծառերը տնկվելու են Տավուշի մարզի Կողբ համայնքի վարչական տարածքում գտնվող «Զիկատար» պետական արգելավայրում՝ ավելի քան 5 հա տարածքի վրա։ Փոսային եղանակով տնկվելիք 1-2 մետր բարձրությամբ տնկիների բարձր կպչողականությունն ապահովելու համար կհիմնվի ոռոգման ենթակառուցվածք։ Ծառատունկից հետո հիմնադրամը կապահովի նաև տարածքի պահպանությունն ու սպասարկումը։

Հավաքագրված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Կողբ սահմանամերձ համայնքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։ Թումո կենտրոնի կառուցումը Կողբում իրականացվում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ։ Նախկինում իրականացրած դրամահավաքների շնորհիվ արդեն ավարտին են մոտենում շենքի բետոնային աշխատանքները։

Կենտրոնից անվճար կօգտվի ինչպես Կողբ, այնպես էլ հարևան Նոյեմբերյան, Բերդավան և այլ քաղաքներում ու գյուղերում բնակվող 1000-ից ավելի պատանի:

Share