Այլ Լուրեր

Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքի ցուցադրության հասույթը կփոխանցվի «Հայաստան» հիմնադրամին

Գեղագիտության ազգային կենտրոնում ցուցադրվող հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքի ցուցադրության ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ցուցադրությունը ներկայացնում է արցախյան թեմատիկայով 29 լուսանկարչական աշխատանք. համադրողն է արվեստի քննադատ Վիգեն Գալստյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղագիտության ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը» խորագրով ցուցադրությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ կենտրոնի հետ համագործակցությամբ։

Ելնելով պատերազմական դառն իրողությունից, որին այսօր առերեսվել է հայ ժողովուրդն Արցախի ու Հայաստանի սահմանին, ցուցադրության նախաձեռնողների նպատակը թիկունքի ամրապնդման գործում արվեստի միջոցով ներդրում կատարելն ու առաջնագծում գտնվող հայ զինվորին հնարավոր օժանդակություն ու աջակցություն ցուցաբերելն է։ Ցուցադրության մուտքի տոմսերի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

1970-ականներից սկսած` Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական ու համամիութենական պարբերական մամուլում, որոնք տարածվել են նաև արտասահմանում: Այդ տարիներին լուսանկարիչը բազմիցս գործուղվել է եվրոպական, և աֆրիկյան երկրներ՝ ստեղծելով և հանրությանը ներկայացնելով իր յուրատեսակ պատմությունների շարքերը:

Լուսանկարչին հետաքրքրել են ոչ միայն այցելած երկրները կամ առհասարակ ճամփորդական թեմաները. նա ամենուրեք փնտրել է առավելապես մարդուն, ձգտել է բացահայտել մարդու և բնության հարաբերությունը, մարդու և տիեզերքի անտեսանելի կապը, ինչն ակնհայտորեն երևում է նաև հեղինակի «Ղարաբաղ» շարքի յուրաքանչյուր լուսանկարի մեջ։

Գագիկ Հարությունյանը «Ղարաբաղ» շարքն ստեղծել է 1992-1997 թթ-ին՝ Ղարաբաղյան պատերազմի առաջնագծում, Արցախի տարբեր շրջաններում։ Ցուցահանդեսն այցելության համար բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը։

Share