Այլ Լուրեր

Իլոն Մասքը կորցրել Է առաջին տեղը Forbes-ի վարկանիշում

SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը կորցրել է Forbes հանդեսի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին տեղը՝ միեւնույն ժամանակ պահպանելով իր առաջնությունը Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշում, որը հաշվարկվել է Bloomberg գործակալության կողմից: Այդ մասին վկայում են վարկանիշների տվյալները: Forbes Real-Time-ի տվյալներով՝ Մասքի կարողությունը կազմում է 176,2 միլիարդ դոլար՝ մեկ օրում նվազելով 13,5 միլիարդով, ինչը թույլ է տալիս նրան երկրորդ տեղն զբաղեցնել վարկանիշում:

Առաջին հորիզոնական է վերադարձել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կապիտալը կազմում է 182,1 մլրդ դոլար: Մեկ օր առաջ ամերիկյան հիմնական ֆոնդային ինդեքսները նվազել են, ընդ որում՝ Tesla-ի բաժնետոմսերն Էժանացել են միանգամից 7,8 տոկոսով՝ մինչեւ 811,19 դոլար: Միեւնույն ժամանակ, ըստ BBI-ի վարկածի, Մասքի կարողությունը կազմում է 194 մլրդ դոլար (մեկ օրում նվազել է 15,6 միլիարդով), իսկ Բեզոսի կարողությունը՝ 183 միլիարդ (նվազումը՝ 3,65 միլիարդ). գործարարները վարկանիշում զբաղեցրել են առաջին եւ երկրորդ տեղերը՝ համապատասխանաբար:

Այսպիսով, Մասքը, ըստ Bloomberg գործակալության վարկածի, շարունակում է պահպանել առաջատարի դիրքը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Forbes-ի վարկանիշի երրորդ հորիզոնականում տեղ է գտել Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն (154,6 միլիարդ դոլար), չորրորդ տեղն զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (121,4 միլիարդ դոլար): Հինգերորդ հորիզոնականը բաժին է ընկել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ 94 միլիարդ դոլար կարողությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Share