Categories: Այլ Լուրեր

Գեղարքունիքի փոխմարզպետ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն հեռանում է փոխմարզպետի պաշտոնից և միանում ԶՈւ ԳՇ հայտարարությանը

Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ սեփական դիմումի համաձայն թողնում է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնն ու միանում ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը:

«Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:

Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…

Հարգանքով,

Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան», – ասված է գեներալի հաղորդագրության մեջ:

Share