Այլ Լուրեր

Պատերազմին մասնակցած ՃՇՀԱՀ-ի ուսանողները պարգևատրվել է պատվոգրերով

Ճարտարապետության  և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) շատ ուսանողներ պատերազմի օրերին իրենց ուսանողական լսարանները փոխարինել են  խրամատներով հանուն երկրի պաշտպանության։ Բարձր գնահատելով ուսանողների հայրենանվեր գործը՝ համալսարանի ռեկտորատի որոշմամբ ճարտարապետության, շինարարության, դիզայնի, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի, կառավարման և տեխնոլոգիաների ֆակուլտետների, ինչպես նաև ՃՇՀԱՀ-ի քոլեջի՝ ընդհանուր առմամբ 185 ուսանող պարգևատրվել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվոգրերով։ Այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:

«Համալսարանի ողջ աշխատակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ձեր յուրաքանչյուրի ավանդի և ներդրման համար։ Անկախ այն բանից թե ով որ հատվածում է գտնվել,  հաց է հասցրել խրամատ, թե առաջնագծում է կռվել, մեզ համար մեր բոլոր տղերքը հերոսներ են։ Կյանքում ոչ մի հաղթանակ կամ պարտություն հավերժ չի լինում։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը հաղթահարելու է այս փորձությունը, և ձեր սերունդը կառուցելու է այն Հայաստանը, որի մասին երազել են մեր նախնիները, ինչպիսի Հայաստան ուզում ենք տեսնել մենք բոլորս։ Մեր ժողովուրդը միշտ հաղթահարել է դժվարությունները, և բոլոր ժամանակներում հաղթահարողը եղել է երիտասարդությունը։ Մենք մեր հերթին ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեզ համար պատշաճ, բարձր մակարդակով կրթություն ապահովենք, որպեսզի ձեր նման տղաները՝ մեր ուսանողությունը, հնարավորինս ավելի լավ և բարձր որակի կրթություն ստանա»,- պատվոգրերը հանձնելուց առաջ իր ելույթում ասել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։

Նա առանձնակի շնորհակալություն հայտնեց ուսանողների ծնողներից՝ հայրենասեր որդիներ դաստիարակելու համար։

Պատվոգրերի հանձնման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար ընկած զինվորների հիշատակը։

Share