Այլ Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 16-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է արցախյան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանների վիրավորումներ ստացած հինգ զինվորականների, որոնք առաջիկա օրերին կմեկնեն Ավստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ հետագա բժշկական օգնությունը և վերջույթների պրոթեզավորումը: Ծրագրի առաջին փուլում բուժում կստանան հինգ զինվորականներ։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպումը սկսվել է Տերունական աղոթքով, այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Չարչյանը Նորին Սրբությանը ներկայացրել է բուժման մեկնող զինվորականներին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում արվել է առավելագույնը հայրենյաց պաշտպանների կյանքը փրկելու համար։ Պարոն Չարչյանը հաստատել է նաև, որ վիրավորումներ ստացած հայորդիները կարիք ունեն լրացուցիչ բուժման, որպեսզի նրանց ապաքինումը լինի առավել արդյունավետ ու ամբողջական։ Այս առիթով պարոն Չարչյանն իր երախտագիտությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանը հայ համայնքի ջանքերով և միջեկեղեցական կառույցների օժանդակությամբ հայորդիների հետագա բուժումը Վիեննայի լավագույն բուժհիմնարկներում կազմակերպելու գործում։

Իր հայրական օրհնությունը փոխանցելով քաջարի զինվորականներին՝ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն է բերել նրանց՝ հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության և պատերազմի օրերին դրսևորած հերոսական ոգու և դիմակայության համար։ Նորին Սրբությունը փաստել է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ երախտապարտ է և ըստ ամենայնի արժևորում է նրանց՝ ի սեր հայրենիքի դրսևորած անձնազոհ քաջագործությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է նաև, որ Հայ Եկեղեցին անցնող տարիներին իր աջակցությունը ցուցաբերել է նախկինում վիրավորում ստացած հայրենյաց պաշտպաններին՝ ջանալով նպաստել նրանց բնականոն կյանքի վերականգնմանը։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է, որ Մայր Աթոռը իր աշխարհասփյուռ թեմերի ու համայնքների միջոցով ամեն ջանք ի գործ պիտի դնի՝ շարունակելու ըստ անհրաժեշտության կազմակերպել տարբեր վիրավորումներ ստացած զինվորականների բուժումն արտերկրի բուժհաստատություններում։ Նորին Սրբության ցանկությունն էր, որ լրացուցիչ բուժումը օգնի հայորդիներին՝ հաղթահարելու առկա խնդիրները և ապաքինվելով վերադառնալու ազգին և հայրենքին իրենց ծառայությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է զինվորականներին՝ մաղթելով բարի ապաքինում և շուտափույթ վերադարձ հայրենիք:

Share