Այլ Լուրեր

ՁԻՀ-ը հայտարարում է «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթ

2020թ. պատմության մեջ կամրագրվի որպես համաշխարհային տարաբնույթ փորձությունների տարեգրություն։ Իսկ մեզ՝ հայերիս համար, նաև պատերազմական ու անդառնալի կորուստների պատմական էջ:

Սերունդներին պատերազմական օրերին արձանագրված փաստերը փոխանցելու անհրաժեշտությունից ելնելով, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթ:

Մրցույթի նպատակն է լուսանկարների միջոցով աշխարհին ցույց տալ 21-րդ դարում՝ առաջադեմ հասարակության աչքի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրականացված այդ աննախադեպ ոտնձգության, բանակի ու աշխարհազորի ցուցաբերած  հերոսությունների և միասնական համահայկական թիկունքի պատմագրությունը:

«Մեր մտքի ճկունության և տոկունության շնորհիվ վստահաբար կկարողանանք մեր ուսերից թոթափել այս պատմական բեռն ու կրկին ոտքի կանգնել և առաջ շարժվել՝ ամրացնելով մեր պետականության հիմքերն ու կերտելով նոր հաղթական ճանապարհներ։ Եվ անհրաժեշտ է նաև ստեղծագործ մոտեցման շնորհիվ սերունդներին փոխանցել պատերազմական օրերին արձանագրված փաստերը»,- նշում են հիմնադրամում:

Մրցանակային ֆոնդը 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի 3 թեմատիկ ուղղություններում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև՝ հետևյալ անվանակարգերում՝

  • Վայրագություններ մարդկության դեմ,
  • Հերոսապատումներ,
  • Միասնական թիկունք։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մայիսի 15-ը, ժամը 23։59 (Երևանի ժամանակով) ներառյալ։ Հայտը անհրաժեշտ է լրացնել այստեղ և ներբեռնել ներկայացվող լուսանկարները:

Հիմնադրամում նշում են, որ ընդունվում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ: Հաղթող կճանաչվեն յուրաքանչյուր թեմային առնչվող լավագույն ու տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։ Մանրամասները հասանելի են այստեղ:

Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել +374 11 219797 հեռախոսահամարով կամ info@eif.am էլ․փոստի հասցեով։

Share