Այլ Լուրեր

Մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2021» եռօրյա ցուցահանդեսը

«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2021» եռօրյա կրթական ցուցահանդեսը, որտեղ առանձին տաղավարով ներկայանում է նաև ԵՊՀ-ն:

«Կրթություն և կարիերա EXPO 2021» ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում  և արտերկրում գործող տարբեր կրթօջախներ՝ ներկայացնելով  իրենց կրթական ծրագրերը:

Ցուցահանդեսի նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տեղեկացնել գործող կրթական ծրագրերի մասին, ինչպես նաև նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների հաստատմանը:

ԵՊՀ-ն երեք օրերի ընթացքում մշտական ցուցադրությամբ տրամադրելու է բուհի մասին ընդհանուր և դիմորդներին անհրաժեշտ տեղեկատվություն, ներկայացնելու է ԵՊՀ հրատարակումները:

ԵՊՀ-ն ներկայանում է ինչպես մշտական, այնպես էլ թեմատիկ ցուցադրություններով, որոնց շրջանակում ցուցահանդեսի ընթացքում տրամադրվելու է հետաքրքիր տեղեկատվություն:

«Կրթություն և կարիերա EXPO 2021» ցուցահանդեսի բացման արարողությանը հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները՝ ներկայացնելով ժամանակակից և ժողովրդական պարային համարներ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը  նշեց, որ ԵՊՀ-ն ցուցադրության առաջին օրը ներկայանալու է բնագիտական թևով՝ աշակերտներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու հետաքրքիր փորձերին, բացի դրանից՝ նախատեսվում են նաև դասախոսություններ դեկանների և փոխդեկանների մասնակցությամբ, երկրորդ օրը նվիրվելու է հասարակագիտության ոլորտին, իսկ  երրորդ օրն այցելուները ծանոթանալու են համալսարանի միջազգային գործունեությանը:

«Հատկանշական է այն, որ 2022 թվականին ԵՊՀ-ն կազմակերպելու է կենսաբանների միջազգային գիտաժողով աշակերտների համար, որին մասնակցելու է աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 400 աշակերտ, և այսօրվա ցուցադրության Կենսաբանության ֆակուլտետի փորձերը շատ կհետաքրքրեն մեր աշակերտներին ու կնպաստեն նրանց  մասնագիտական կողմնորոշմանը»,- փաստեց  պրոռեկտորը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը շրջայց կատարեց տաղավարներով և տեղում ծանոթացավ ցուցադրության նմուշներին:

Կարեն Թռչունյանը ԵՊՀ տաղավարում ծանոթացավ կրթական ծրագրերին և հետևեց  ուսանողների ներկայացրած փորձերին. «Նաև որպես մասնակից կարող եմ ասել, որ անցած տարիների հետ համեմատած՝ այս տարի նկատվում են առաջընթաց և զարգացման դրական դինամիկա»,- ասաց փոխնախարարը:

Վերջինս շեշտեց, որ չնայած արձանագրած դրական փոփոխություններին՝ ոլորտում անելիքները դեռ շատ են, և նմանօրինակ ցուցահանդեսների միջոցով պետք է փորձել հանրության ուշադրության կենտրոնում պահել կրթության և գիտության ոլորտի զարգացումը:

Share