Այլ Լուրեր

«.հայ» դոմենը 5 տարեկան է

Այս տարի մայիսի 5-ին լրանում է «․հայ» դոմենային անունների տիրույթի 5-րդ տարեդարձը, որի առթիվ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն նախատեսում է
5 միջոցառում՝ խթանելու ինչպես դոմենային անունների գրանցումը, այնպես էլ ինտերնետում հայատառ բովանդակությունը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում արդիական է սեփական լեզվով դոմեն ունենալը։ «․հայ»-ը  մայրենի լեզվով առաջին դոմենն է։ Հայատառ դոմենի գրանցումը լավ հնարավորություն է տեղական կազմակերպություններին իրենց բիզնեսը Հայաստանում ներկայացնելու համար: Ամենամեծ առավելությունը բոլոր անունների՝ մայրենի լեզվով գործածվելու հնարավորությունն է, ինչն ավելի դյուրին է ընկալման և հեշտ հիշելու համար։

«.հայ» դոմենային անունների տիրույթի գործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականին: 2016թ. մայիսին գրանցվել է առաջին «.հայ» դոմենային անունը, որն, ի դեպ, «նախագահ.հայ»-ն է եղել։ 2021 թ-ի մայիսի տվյալներով՝ «.հայ» տիրույթում գրանցված է շուրջ 980 հայատառ դոմենային անուն:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն` «.am» և «.հայ» տիրույթների կառավարիչը, պարբերաբար միջոցառումներ է անցկացնում՝ հանրայնացնելու և խթանելու հայատառ դոմենային անունների գրանցումը, նպաստելու ՀՀ-ում ինտերնետի զարգացմանը՝ ապահովելով հայկական սեգմենտի կայունությունն ու հուսալիությունը։

5-րդ տարեդարձի 5 միջոցառումների մասին.

  1. Նախատեսվում է «Կլոր սեղան» քննարկում՝ ոլորտում ներգրավված կողմերի մասնակցությամբ, որի նպատակն է վերհանել հայկական ինտերնետ տիրույթի խնդիրները, վերլուծել խոչընդոտները և ձևավորել ճանապարհային քարտեզ տիրույթի առաջխաղացման համար։
  2. «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպվում է հայկական թեմատիկայի զարգացման մրցույթային արշավ, որի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում հայոց պատմությանը, մշակույթին և գիտությանը նվիրված թեմաների զարգացումն ու արդիականացումը։ Այս «վիքի.հայ» արշավի մասնակիցների շնորհիվ հնարավոր կլինի ներկայացնել մեր պատմությունն ու մշակույթն իր ողջ բազմերանգությամբ, ճշմարտացի ձևով և ժառանգել սերունդներին։
  3. Նախատեսվում է անցկացնել լավագույն «․հայ» կայքերի մրցույթ՝ 3 անվանակարգերով՝ «Լավագույն դիզայն», «Լավագույն հայկական բովանդակություն», «Լավագույն օգտագործման մատչելիություն և հավելվածի առկայություն»՝ հիմնվելով ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովի որոշման վրա։
  4. Դոմենային անուն գրանցող կազմակերպությունների՝ Ռեգիստրարների միջև մրցույթ՝ ամենաշատ «․հայ» դոմենային անուն գրանցելու համար։
  5. «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի սաների մասնակցությամբ մրցույթ՝ լավագույն տեսահոլովակ «.հայ»-ի մասին։
Share