Այլ Լուրեր

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պահանջում է առանց հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ պահանջելով առանց նախնական հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ։

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանում խորանում է քաղաքական, բարոյահոգեբանական ու կառավարչական ճգնաժամը, ինչի հիմնական պատճառը ժամանակավոր պաշտոնակատարների կառավարության կողմից վարվող ապաշնորհ քաղաքականութունն է, որի հետևանքները մեր պետության առաջ ծառանում են նորանոր սպառնալիքներով ու մարտահրավերներով,

անկախ քաղաքական և հասարակական այլ բնույթի հարցերով քաղաքական և հասարակական միավորների հայացքների տարբերություններից,

ելնելով պետականությունը փրկելու անհրաժեշտությունից,

սույնով պահանջում ենք՝

1. Պետական բոլոր պաշտոնատար անձանցից՝ առանց նախնական հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև վեճերին, այդ թվում՝ տարածքներին, սահմաններին, տրանսպորտային կամ այլ կապերին:

2. Պաշտպանության նախարարությունից և Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ կատարել երկրի պաշտպանության ապահովման սահմանադրական պարտականությունը, այդ թվում՝ ամրացնել հայ- ադրբեջանական շփման գծում դիրքերը:

3. Պետական բոլոր պաշտոնատար անձանցից՝ ժողովրդի հետ խոսել միայն ճշմարիտ տեղեկություններով, հեռու մնալ ստահոդ լուրեր տարածելու (ստելու) քաղաքականությունից:

Վերոհիշյալ երեք պայմանների մասով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ողջամիտ ժամկետում պաշտոնական հավաստիացումներ չստանալու դեպքում, պահանջում ենք վարչապետի պաշտոնակատարի, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների անհապաղ դադարեցումը:

Հ.Գ. Պահանջ-հայտարարությունը բաց է միանալու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Share