Այլ Լուրեր

ԿԸՀ-ն ներկայացրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները:

Ըստ նախնական արդյունքների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած անձանց 53,92 տոկոսը: ՔՊԿ-ն ստացել է 687 հազար 251 քվե:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած անձանց 21,01 տոկոսը: Դաշինքը ստացել է 268 հազար 165 քվե:

Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 66 հազար 633 քվե: Սա ընտրություններին մասնակցած քաղաքացիների 5,23 տոկոսն է:

Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցույթունը ստացել է ընտրության մասնակցած քաղաքացիների 3,96 տոկոսի քվեն: ԲՀԿ-ի օգտին է քվեարկել 50 հազար 416 քաղաքացի:

Այսպիսով, խորհրդարանում ներկայացված կլինի երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ» դաշինք:

Վերջինս, սակայն չի հաղթահարել անցողիկ շեմը, բայց ըստ օրենքի՝ եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատ է ստանում նաև առավելագույն թվով քվեներ ստացած երրորդ ուժը, որն այս դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքն է:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս խորհրդարանում ներկայացված չեն լինի:

Նախնական ոչ պաշտոնական տվյալներով՝ ԱԺ-ում ՔՊԿ-ն կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 27, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 8 մանդատ:

Ճեպազրույցի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մանդատների բաշխման մասին ասաց, որ պատգամավորների թվի հաշվարկ չեն արել. այս փուլում ժամանակավրեպ  է նման հաշվարկ անելը։ Ըստ Մուկուչյանի՝ դա յոթերորդ օրը կիրականցվի:

Share