Այլ Լուրեր

Artsakh Tech Week 2021. Հուլիսի 3-ին Արցախում կմեկնարկի տեխնոլոգիաների շաբաթ

Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։ 

Tech Week Artsakh 2021-ը կազմակերպվում է «ՋիՋի», «Ինստիգեյթ Մոբայլ» և «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունների կողմից։

Միջոցառումն առանձնանում է մի շարք կարևոր ցուցանիշներով․ 1200֊ից ավել մասնակից, 40֊ից ավել գործընկեր, 20֊ից ավել աջակիցներ, 60֊ից ավել խոսնակ, զուգահեռ 2 դահլիճներում իրականացվող միջոցառումներ։ 

Տեխնոլոգիաների շաբաթվա հիմնական բաղադրիչներն են լինելու կոնֆերանսը, որը ներառում է հաջողության պատմությունների և մասնագիտական ներկայացումներ, պանելային քննարկումներ։ Տեղի կունենան կրակի շուրջ մոտիվացնող զրույցներ։

Կանցկացվի հաքաթոն, որի արդյունքում մշակվելու և ներդրվելու է Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակ։ Հաքաթոնն իրականացվում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) նախաձեռնությամբ։

Բացի այդ տեղի կունենան «Կորիզ» գաղափարների մրցույթ, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3,000 դոլար, gg Race մրցարշավ, որի ժամանակ պատվեր կատարելով կհավաքվի գումար և կուղղվի բարեգործական նախագծի։ Ինչպես նաև Կարմիր Շուկայում բացվելու է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որի գումարը (ավելի քան 11,000 դոլար) հավաքվել է ՈՄԱ գումարտակի տղաների նախաձեռնությամբ ռեկորդային 36 ժամում։

Մասնակցությունն անվճար է. անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Share