Բաժին. Այլ Լուրեր

ԱՏՁՄ երկարամյա տնօրեն Կարեն Վարդանյանի թողած ժառանգությունն արժևորվեց նրան նվիրված հուշ-երեկոյով

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) երկարամյա տնօրեն Կարեն Վարդանյանին գործընկերները նպատակասլաց, սկզբունքային և սեփական ուժերին հավատացող մարդ են համարում, վստահեցնում, որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում:

Այս մասին ևս մեկ անգամ բարձրաձայնվեց  Կարեն Վարդանյանի մահվան տարելիցին կազմակերպված հուշ-երեկոյին, որը տեղի ունեցավ հուլիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարն ասաց՝ դեռ 2000-ական թվականներին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որը ոլորտի միակ ասոցիացիան էր, ոլորտը կարգավորող մարմինը, որի շուրջ էին համախմբված բնագավառի այլ կազմակերպություններ, որտեղ քննարկվում էին զարգացման ծրագրերը, ռազմավարությունները, որը լուծում էր կազմակերպությունների մեծ և փոքր խնդիրները, ակամայից նախարարության դեր էր կատարում, իսկ Կարեն Վարդանյանը՝ նախարարի: «Նրա ամենամեծ ձեռքբերումն եմ համարում հատկապես կրթական ոլորտում կատարած ներդրումները, մատաղ սերնդի համախմբումը տեխնոլոգիական գիտելիքի և տեխնոլոգիական ոլորտի շուրջ: Մեծագույն գործիքը, հարթակն այդ առումով, որն այսօր արդեն իրականություն է հանրապետության գրեթե կեսում, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն է, որը ներդրվել է մեծ հավատով, կամքով, ուժով և հետևողականությամբ»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Նախարարի պաշտոնակատարը մարդկային առումով մեծագույն արժեք է համարում այն, որ Կարեն Վարդանյանն իր սկզբունքայնությամբ ուսուցչի դեր է կատարել շատերի համար, մեծ հավատ է տածել սեփական ուժերի նկատմամբ, չի շեղվել իր ճանապարհից: «Կարենի շնորհիվ երկրում ստեղծվել են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերություններ: Այդպիսի մարդիկ իրենց կյանքի տևողությամբ չէ որ ներկա են հասարակության, տնտեսության մեջ, երկրում ու պատմության մեջ: Համոզված եմ, որ այսօր ևս և վաղը ևս Կարեն Վարդանյանը ապրելու է, արարելու իր ստեղծած ծիլերի, հիմքերի, այն հազարավոր երեխաների շնորհիվ, որոնք նրա ներդրած հարթակների, սկզբունքների ու ոգևորության արդյունքում կերտում են իրենց ապագան», – եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

Ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը, որը Կարեն Վարդանյանի մտերիմն ու գործընկերն է եղել, Վարդանյանին համարում է համակարգ-մարդ: «Նա և՛ ընկեր էր, և՛ համախոհ էր, և՛ գաղափարակից էր, և՛ զինակից: Նա հետաքրքիր մարդ էր, որի հետ հնարավոր չէր ձանձրանալ. ցանկացած պահի կարող էր անակնկալ, չարաճճի կատակ անել: Երեսուն տարուց ավելի ազգային պարերի ոլորտում եմ, պարերն եմ խմորում, ակոսում, և հանկարծ Վարդանյանը կարող էր բնագավառին վերաբերող այնպիսի խորհուրդ տալ, որ մտածում էիր, թե ինչպես չէի կռահել, որ կարելի էր այդպես անել: Նա նաև մարգարեական միտք ուներ ու կարող էր կանխատեսել ամեն բան», – շեշտեց Գինոսյանն ու հավելեց, որ Վարդանյանը հասկանում էր՝ շենք կառուցելու համար քարը բավական չէ. դուռ է հարկավոր, ներսի հարդարանք, տանիք և այլն:

Գինոսյանն ընդգծեց, որ Վարդանյանը ոչ մեկին չէր ստիպում, համոզում, կաշառում, այլ հավատով գնում էր իր ընտրած ճանապարհով, և բազմաթիվ մարդիկ նրա հետևից քայլում էին, քանի որ գիտեին՝ նրա գաղափարներն իրագործվող են:

«Նա ստեղծել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը, որն իրականացվել է հարյուրավոր դպրոցներում՝ Հայաստանում, Ջավախքում, Արցախում: Կարեն Վարդանյանը հոգևոր հայր էր ու հասկանում էր, որ միայն նորագույն տեխնոլոգիաների միջոցով պետությունը պետություն չի դառնա: Նա «Արմաթ»-ի ճամբարներում ընդգրկում էր ծրագրի շրջանակում լավագույն արդյունք ցույց տված աշակերտներին և լավագույն ջոկատավարներին, հետո հրավիրում էր ազգանվեր ականավոր մարդկանց և մտածող երեխաներից լավագույններին խառնում էր ազգային մերանին: Երեխաները հետ էին գնում այլ մարդ դարձած: Կարենը կարողացավ աշխարհի ամենաապազգային, ամենակոսմոպոլիտ մասնագիտությունը դարձնել ամենաազգայինը»,-հավաստիացրեց Գագիկ Գինոսյանը:

Գործընկերները Վարդանյանին հիշում են նրանից ժառանգած «Հաղթանակի դրոշով»։ Վարդանյանին համարում են ազգային անկախ պետականության կերտողներից, որն արդար պայքար ու բովանդակային գործ սովորեցնող է եղել և այդ գործը փոխանցել հաջորդներին։

Կարեն Վարդանյանին նվիրված միջոցառումը, որի շրջանակում կարևորվեց նրա թողած ժառանգությունն ու ընդգծվեց տարիներ շարունակ կատարած լայնածավալ աշխատանքի կարևորությունը, ուղեկցվեց մի շարք երաժշտական կատարումներով:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծագույն գործիչ, լուսահոգի Կարեն Վարդանյանն իր մասնագիտական և հասարակական գործունեության վերջին տարիներն ամբողջովին նվիրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Առաջատար տեխնոլոգիական երկիր ունենալու իր նվիրական երազանքի իրականացումն այժմ շարունակում են իր ընտանիքը և համախոհները։

Կարեն Վարդանյանը ԱՏՁՄ գործադիր տնօրենն է եղել 2007 թվականից: Նա կյանքից հեռացել է 2020 թվականի հուլիսի 10-ին:

Անժելա Համբարձումյան

Share