Բաժին. Այլ Լուրեր

ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել երեք նոր նամականիշ

2021 թվականի հուլիսի 20-ին ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային:

230, 290 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ ՀայՓոստը թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Արարատի մարզի Խոսրովի արգելոցում գտնվող Աղջոց վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մի հատված (մ.թ. XIII դ.).: Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության և քանդակագործության բացառիկ կոթողներից է: Գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում զետեղված Պողոս և Պետրոս առաքյալների մարդահասակ բարձրաքանդակները:

290 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Արցախի Վանք գյուղում գտնվող Գանձասարի վանքը (մ.թ. XIII դ.): Գանձասարի վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության և քանդակագործության գոհարներից է: Համալիրի գլխավոր՝ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թթ. Հասան-Ջալալ իշխանի կողմից և օծվել 1240 թվականին:

330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Արցախի Մաճկալաշեն գյուղում գտնվող Ամարասի վանքը (մ.թ. IV դ.): Ամարասի վանքը վաղմիջնադարյան հոգևոր-մշակութային մեծահռչակ կենտրոններից է, որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցու արևելյան կողմում՝ բեմի տակ է գտնվում քրիստոնությունը տարածելու համար 338 թ. նահատակված Սբ. Գրիգորիսի ստորգետնյա դամբարան-մատուռը: 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այս վանքում է բացել առաջին հայկական դպրոցը:

 Թողարկման օրը` 20 հուլիսի 2021թ.

Լուսանկարները՝ Սամվել Կարապետյանի (Աղջոց վանք), Զավեն Սարգսյանի (Գանձասարի վանք), Հրայր Բազե Խաչերյանի (Ամարասի վանք)

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 10 000 h. x 3

Share