Այլ Լուրեր

Արմեն Գևորգյան. 10 գործոն, որոնք կանխորոշում են Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն իր տելեգրամյան ալիքում ներկայացրել է 10 գործոն, որոնք կանխորոշում են Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը:

«1. Աշխարհաքաղաքական աճող մրցակցություն. Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիան, Թուրքիայի պանթուրքական էքսպանսիան, Արևմուտքի անվտանգության նոր ճարտարապետությունը։

2. Տարածաշրջանում կոնֆլիկտայնության բարձր մակարդակ. Արցախյան հակամարտությունը, Հայաստանի չկարգավորված հարաբերությունները Թուրքիայի հետ, Աբխազիայի և Հարավային Օսիայի չկարգավորված հիմնախնդիրները, Իրանի շուրջ իրավիճակը, քրդական հարցը տարածաշրջանում, հակամարտությունը Սիրիայում։ Հակամարտության նոր բաղադրիչ են դառնում տարածաշրջանային հաղորդակցության և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները՝ նոր ճանապարհներ, նոր խողովակաշարեր, նոր նավահանգիստներ:

3. Բնական ռեսուրսների սպառումն ու դրանց համար պայքարը․ մեր տարածաշրջանում դրանք առաջին հերթին ջրային ռեսուրսներն են, ինչպես նաև՝ ոսկի, պղինձ, մոլիբդեն և այլն, իսկ Հայաստանի համատեքստից դուրս՝ գազը և նավթը։

4. Հայաստանի կողմից այնպիսի մրցակցային առավելության կորուստ, ինչպիսին է «մարդկային բարձրորակ ներուժը»:

5. Երկրի արագ և բեկումնային տնտեսական զարգացման սահմանափակ հնարավորություններ և սոցիալական անհավասարության աճ, այդ թվում՝ համավարակի, կլիմայական փոփոխությունների պատճառով, որոնք հանգեցնում են առօրյա կյանքի և արդյունաբերական ավանդույթների էական փոփոխությունների, պետական պարտքի ծավալների արագ աճ:

6. Արտագաղթի տեմպերի ավելացում և երկրում բնակչության թվի կրճատում։ Հակառակը՝ դեպի երկիր ներհոսքի միտում չկա, և այդպիսի գործընթացի համար նախադրյալներ չեն նկատվում։

7. Հասարակարության պառակտում, ներքին ատելության և ագրեսիայի բարձր մակարդակ: Պետականության ավանդույթների խարխլում, ներկայացուցչական ժողովրդավարության թուլացում, ահագնացող պոպուլիզմ, արդյունքում՝ ավտորիտարիզմի ի հայտ գալը:

8. Երկրի պաշտպանունակության համակարգի դեֆորմացիա՝ վերջինս վերածելով մշտական սադրանքների և ոտնձգությունների օբյեկտի։

9. Համահայկական ներուժի քայքայումը, ընդհանուր օրակարգի, միավորող համազգային գաղափարների և զարգացման լուծումների բացակայությունը:

10. Գլոբալիզացիան և տեղեկատվական ու հաղորդակցային նոր միջավայրը։

Մեր զարգացման ուղիների և հնարավորությունների ամբողջական և օբյեկտիվ ընկալման համար անհրաժեշտ է համարժեքորեն և ազնվորեն հասկանալ.

Ա) Աշխարհաքաղաքական միջավայրը և նոր սպառնալիքները,

Բ) Ներքաղաքական միջավայրը և նոր մարտահրավերները,

Գ) Համահայկական միջավայրը և նոր նկրտումները», – գրել է Գևորգյանը:

Share