Բաժին. Այլ Լուրեր

Նոյեմբերի 14-ին Ստեփանավանում, Կապանում և Իջևանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ նշանակելու, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու մասին»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ վերոնշյալ 3 համայնքում ՏԻՄ ընտրություններն առաջարկվում է նշանակել և անցկացնել 2021թ. նոյեմբերի 14-ին, ավագանու ընտրության համամասնական կարգով: Նախապատրաստական աշխատանքների համար ՀՀ ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 25 մլն 249 000 դրամ, ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ 2021թ. պետբյուջեի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում» միջոցառման շրջանակում:

Փոխվարչապետը հարցի առնչությամբ նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների 3 օր՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները, և դեկտեմբերի դրությամբ արդեն կունենանք նոր միավորված համայնքներ: «Գործընթացն արդեն մեկնարկել է, տեղի են ունենում հանրային լսումներ, հանդիպումներ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, առաջիկայում կլինեն նաև խորհրդարանական լսումներ, և հավանաբար արդեն հաջորդ շաբաթ ՏԿԵՆ-ը կներկայացնի միավորվող համայնքների նախագիծը», – ասել է նա:

Share