Բաժին. Այլ Լուրեր

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը նոր խոսք է բարձրագույն կրթության ոլորտում

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների (ISTC) կենտրոնի հետ համատեղ՝ «PMI Science»-ի աջակցությամբ:

Մեզ հետ զրույցում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը նշեց, որ արդեն 4-րդ տարին անընդմեջ շուրջ 63 լավագույն ուսանողի «PMI Science»-ը տրամադրում է կրթաթոշակներ։

«Մեր համագործակցությունը կարևոր և իր տեսակի մեջ եզակի համագործակցություն է, քանի որ կրթաթոշակը լրացուցիչ խթան է ուսանողի համար»,- ասաց Ռուբեն Գևորգյանը՝ հավելելով, որ  կրթաթոշակներին կարող են հավակնել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով սովորող ուսանողները։

Նրա խոսքով, ԵՊՀ ակադեմիական կրթության և ՏՏ ոլորտի միջև շատ ամուր կապեր են հաստատվել։

««Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունը փաստում է այն մասին, որ այդ կազմակերպությունները շատ են արժևորում կրթությունը՝ այնտեղ ներդրումներ կատարելով»,- փաստեց Ռուբեն Գևորգյանը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը փաստեց, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իսկապես նոր խոսք է տվյալագիտության և բարձրագույն կրթության ոլորտում։

Կրթաթոշակակիր Գուրգեն Հովակիմյանն այն երեք ուսանողներից մեկն է, որը շարունակելու է ուսումն ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մրցույթին մասնակցելիս վստահ է եղել, որ կրթաթոշակակիրներից մեկն էլ ինքն է լինելու. «Պետք է նշեմ, որ ԵՊՀ-ում ստացած գիտելիքների միջոցով եմ կարողացել վաստակել այս կրթաթոշակը: Բակալավրիատում բավականաչափ գիտելիքներ ստանալով և մագիստրատուրայում դրանք ամրապնդելով՝ կարողացել եմ լավ արդյունքներ գրանցել, ինչը միանշանակ իմ դասախոսների խորհուրդ տված գրքերն ուսումնասիրելու շնորհիվ է»:

Նա նախատեսում է ԱՄՆ-ից վերադառնալուց հետո դասավանդել ԵՊՀ-ում, քանի որ դեռ բակալավրիատի երրորդ կուրսում բացահայտել է այն անսահման սերը, որ տածում է դասավանդման նկատմամբ. «Հույս ունեմ, որ կկարողանամ իմ գիտելիքները և ԱՄՆ-ում ձեռք բերած փորձը հաղորդել ապագա սերունդներին, որոնք ընտրելու են այս մագիստրոսական ծրագիրը»:

Մագիստրոսական ծրագրի մեկ այլ կրթաթոշակակիր Մարիաննա Ղազարյանն էլ շեշտեց՝ բավականին շատ ջանք է գործադրել կրթաթոշակին արժանանալու համար. «Քննությանը վճռական էի տրամադրված և մոտ մեկ ամիս պատրաստվել էի, քանի որ բավական ջանք էի գործադրել, ակնկալում էի անպայման հայտնվել կրթաթոշակակիրների շարքում, ինչն էլ տեղի ունեցավ»։

Նրա խոսքով, ԵՊՀ-ում ստացած կրթությունն էական դեր է ունեցել բազային և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման գործում, ինչի համար պարտական է ԵՊՀ դասախոսական անձնակազմին. «Այս ամենի շնորհիվ ինձ բախտ վիճակվեց երկու անգամ անընդմեջ դառնալ կրթաթոշակակիր, ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել հովանավոր կազմակերպություններին»:

Share