Բաժին. Այլ Լուրեր

«Երևանը՝ քո գրպանում». նոր գիրք-ուղեցույց զբոսաշրջիկների համար

Որո՞նք են Երևանի տեսարժան վայրերը, ո՞ւր գնալ, ինչպե՞ս գտնել թանգարաններն ու թատրոնները, ծանոթանալ մայրաքաղաքի պատմությանն ու ճարտարապետությանը՝ այս բոլոր հարցերի պատասխանն ամփոփված է նոր գիրք-ուղեցույցում:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի ունեցավ «Երևանը քո գրպանում» («Ереван Карманный путеводитель») ռուսերեն գիրք-ուղեցույցի շնորհանդեսը:

Ռուս զբոսաշրջիկները տարեցտարի ավելի շատ են այցելում մայրաքաղաք, հենց այդ պատճառով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը նախաձեռնեց ռուսերենով նման ուղեցույցի  կազմման և տպագրման աշխատանքները:

«Զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակում ստեղծեցինք նման գիրք-ուղեցույց, որը կօգնի կողմնորոշվել Երևանում, իմանալ պատմական, մշակութային վայրերը: Այն կարող է դառնալ անփոխարինելի օգնական ռուսախոս զբոսաշրջիկների համար»,-նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մասնակցել է ուղեցույցի խմբագրման և լրակազմման  աշխատանքներին։

«Այս ուղեցույցը ստեղծվել է Երևանի և Մոսկվայի քաղաքապետարանների գործակցության արդյունքում: Ուրախ ենք, որ համատեղ կարողացել ենք նման օգտակար աշխատանք ստեղծել, որը կօգնի ռուսալեզու զբոսաշրջիկներին Երևանի և քաղաքի պատմության մասին իմանալ ամբողջական, ճշգրիտ տեղեկատվություն»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Շնորահանդեսը վարում էր Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության զբոսաշրջության բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: Ներկա էին Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքում գործող թանգարանների,  հյուրանոցների և զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ:

«Երևանը քո գրպանում» ուղեցույցը պարունակում է հակիրճ տեղեկատվություն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, կամուրջների, պանթեոնների, թանգարանների, ժամանցի վայրերի, սպորտային համալիրների, հրապարակների և այգիների,   համալսարանների, դեսպանատների, ինչպես նաև ազգային յուրահատկությունների և այլ տեսարժան վայրերի մասին: Ուղեգրքում ներկայացված են քարտեզներ, անհրաժեշտ զբոսաշրջային հասցեներ, հեռախոսահամարներ: Որոշ բաժիններ ներկայացված են QR կոդերով:

Share