Այլ Լուրեր

«Artbox» ստեղծագործական ինկուբատորը կզարգացնի նախագծեր արվեստի բոլոր ոլորտներում և դրանք կներկայացնի ներդրողների դատին

Նոյեմբերի 23-ին, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համագործակցությամբ, «Creative Armenia»-ն պաշտոնապես մեկնարկեց «Artbox» ստեղծարար ինկուբատորը, որը առևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծագործ գաղափարներին կտրամադրի աջակցության ամբողջական փաթեթ։ Ծրագիրն ընդունում է հայտադիմումներ մինչև 2022 թ.-ի հունվարի 21-ը։

Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ «Artbox»-ը ինկուբատորի մոդելի վերակերտումն է արվեստի աշխարհի համար. մի դինամիկ ձեռնարկատիրական համակարգ, որն աջակցում է արվեստագետներին զարգացնելու թատրոնի, երաժշտության, դիզայնի, մշակութային տուրիզմի, ֆիլմի և այլ ոլորտների իրենց ստեղծարար գաղափարները և դարձնելու դրանք առևտրայնորեն կենսունակ և ներդրումային ստեղծարար արտադրանքների:

«Գաղափարի փայլուն լինելը բավարար չէ»,- ասաց «Creative Armenia»-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Յուրաքանչյուր գաղափարի ունի իր «Artbox»-ի կարիքը»։

Հայտադիմումները բաց են աշխարհի տարբեր երկրներից նախագծերի համար, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության սահմաններում իրականացվելու նպատակ։ Նախապատվությունը տրվում է այն նախագծերին, որոնք ունեն ներուժ՝ 1) նպաստելու ազդեցություն Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջանների (Շիրակի, Լոռվա, և/կամ Տավուշի մարզերի) զարգացմանը, 2) ստեղծելու համագործակցություն ստեղծագործական ոլորտների և զբոսաշրջության միջև, 3) հասնելու առևտրային հաջողության և ոգևորելու ներդրողներին։

«Մենք նպաստում ենք Հայաստանում նորարար զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը», – ասաց Վիլհելմ Հյուգոն, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավարը։ «Աջակցելով արվեստին, մշակույթին և ստեղծարար արդյունաբերություններին, մենք օգնում ենք բերել ոգեշնչող և հյուրընկալ մթնոլորտ զբոսաշրջության վայրերին։  

2022թ.-ի գարնանը ընթացող 12 շաբաթ տևողությամբ ստեղծարար ինկուբատորի միջոցով, որը կանցկացվի նորարար օնլայն հարթակում, 25 ընտրյալ նախագծեր կստանան աննախադեպ հնարավորություն աշխատելու ակնառու բիզնես առաջնորդների և հայտնի մշակութային գործիչների հետ՝ զարգացնելու համապարփակ փաթեթ իրենց նախագծերի շուրջ, ներառյալ բիզնես պլան, մարքետինգային ռազմավարություն, կայք, վիդեո ուղերձ, և ֆինանսական պլան։ Այս փաթեթի պատրաստ լինելուն պես, արվեստագետները բացառիկ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերը ֆինանսական աջակցության համար, ներառյալ հնարավոր դրամաշնորհների և մշակութային առաջատար ներդրողների կողմից ներդրումների։ Ինկուբատորի մասին ավելին իմանալու և դիմելու համար այցելեք կայք՝ hy.artboxarmenia.com.

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ «Artbox»-ը աջակցվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» կողմից: ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

 

Share