Այլ Լուրեր

«Կարդում ենք ռուս պոեզիա Հայաստանի մասին» գրական մրցույթի հաղթողները արժանացել են պատվոգրերի և մրցանակների

Սերգեյ Գորոդեցկու, Միխայիլ Մատուսովսկու, Սեմյոն Լիպկինի և այլ գրողների Հայաստանին նվիրված ստեղծագործություններով բուհերի ուսանողները մասնակցեցին «Կարդում ենք ռուս պոեզիա» գրական մրցույթին: 

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնած մրցույթի նպատակն է պահպանել և հանրայնացնել ռուս գրականությունը,  երիտասարդների շրջանում բարձրացնել պոեզիայի նկատմամբ հետաքրքրվածությունը և բացահայտել տաղանդավոր երիտասարդներին: 

Հանրապետական գրական մրցույթն անցկացվել է երեք փուլով։ Ընտրական փուլին մասնակցել են 93 ուսանողներ հանրապետության 9 բուհերից։ Եզրափակչում էին առավելագույն միավորներ հավաքած 11 մասնակիցները։ 

Ժյուրիի նախագահն էր «Հայաստանը ռուսական պոեզիայի հայելու մեջ» գրքի հեղինակ Միխայիլ Ամիրխանյանը, համանախագահը՝ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը: ժյուրին գնահատել է մասնակիցների կատարողական վարպետությունն ու արտիստիզմը, ինչպես նաև ստեղծագործության ընտրությունը։

«Այս ձևաչափով մրցույթն իրականացնում էինք առաջին անգամ։ Մասնակիցների էմոցիոնալ ելույթները միջոցառմանը հաղորդեցին յուրահատուկ էներգետիկա։ Կփորձենք մեր տաղանդավոր երիտասարդներին ուղղորդել դեպի ռուսական մրցույթներ՝ հնարավորություն ստեղծելով Հայաստանը ներկայացնելու համար։ Հույս ունենք, որ մրցույթը կդառնա շարունակական»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը: 

Առաջին տեղը գրավեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Կարոլինա Մելքումյանը, 2-րդը կիսեցին Մերի Մելիքջանյանը, Ռուզաննա Թավադյանը, 3-ը տեղը կիսեցին՝ Տիգրան Խաչատրյանը, Անուշ Քալաշյանն ու Սիրուշո Հովհաննիսյանը։ 

«Եզրափակչի համար ընտրել էի Միխայիլ Մատուսովսկու «Հուշարձան Ծիծեռնակաբերդի բարձունքում» ստեղծագործությունը։ Այնտեղ զգացվում է հայ ժողովրդի  ցավն ու հոգին, այս ստեղծագործությունը թույլ տվեց արտահայտել էմոցիաներս», – նշեց հաղթող Կարոլինա Մելքումյանը։ 

Մրցանակակիրները ստացան խրախուսական պարգևներ, պատվոգրեր և մրցանակներ։ Մրցույթն անցկացվում էր Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։ 

 

Share