Այլ Լուրեր

ՄԻՊ. Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման քաղաքականություն

Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղում Ճակատեն-Կապան ճանապարհին ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով մարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական:

«Նույնը վերաբերում է նաև Ճակատենին: Երեկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ միասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է այդ բնակավայրեր: Նախ, երկու գյուղերում էլ առաջացել են գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրներ: Բանն այն է, որ, օրինակ, ընկույզի համար տարբեր գնորդներ էին գալիս Շիկահող, իսկ Կապան-Ճանապարհը փակվելուց հետո նրանք չեն կարողանում գալ դժվարանցանելի, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով», – նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ նույն հաղորդագրության՝ առաջ են եկել կրթական իրավունքի անհատական խնդիրներ, բացի նրանից, որ խաթարվել է դպրոցների բնականոն աշխատանքը: Օրինակ է բերվում, որ Շիկահողի բնակիչներից մեկի երեխաներից 2-ը ճանապարհի պատճառով չեն կարողանում ամեն օր հասնել Կապան, մեկը՝ կրկնուսույցի հետ պարապելու, մյուսը՝ քոլեջ հաճախելու նպատակով: Առցանց կազմակերպել ուսուցումը դեռևս չի ստացվում. այլընտրանքային ճանապարհով էլ հնարավոր չէ կազմակերպել երեխայի բնականոն տեղաշարժը:

«Շիկահողի մեկ այլ բնակիչ տեղեկացրեց, որ հայրը հեմոդիալեզ է անցնում Կապանում, ինչի պատճառով տեղափոխման դժվարություններ է ունենում նոր ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, որը վատ է անդրադառնում նաև հոր առողջական վիճակի վրա: Որդին ստիպված է եղել Կապանում բնակարան վարձակալել, որպեսզի հայրը կարողանա ժամանակին ստանա բուժօգնությունը»,- հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանն ընդգծում է՝ իր համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ:

Նա հայտնում է, որ տեղական մարմինները, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողները, տեղերում միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար: Այս մասին նշել են նաև բնակիչները, բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Որքան էլ, օրինակ, տեղական մարմիններն աջակցեն, դա օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումների հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն):

ՄԻՊ-ի բնորոշմամբ՝ ելքը հստակ է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը:

«Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում», – շեշտում է ՄԻՊ պաշտպան Արման Թաթոյանը:

Այս մասին հատուկ զեկույցները Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:

Share