Այլ Լուրեր

Հայաստանի պատանիների ստեղծած սարքը կմեկնի տիեզերք

Մեկնարկել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ը, որը  Bazoomq Space Research Lab-ի  և HyeTech կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է: 

«Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի նպատակն է խթանել  STEM կրթությունը՝ մասնավորապես ռոբոտաշինությունը, պատանիների և երիտասարդների շրջանում: Նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, որը բացառիկ հնարավորություն է տալիս հաղթող թիմին գործնականում տիեզերք ուղարկել իր ստեղծած սարքը և իր մասնակցությունն ունենալ համաշխարհային ռոբոտաշինության և տիեզերական հետազոտությունների բնագավառում։ 

Ողջույնի խոսքով հանդես եկան Bazoomq Space Research Lab կենտրոնի համահիմնադիր՝ Հայկ Մարտիրոսյանը, HyeTech-ի ներկայացուցիչ՝ Տիգրան Աստվածատրյանը, Կրիսպ ընկերության համահիմնադիր՝ Դավիթ Բաղդասարյանը: 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող 12-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, ովքեր 3-ից 5 անձից բաղկացած խմբերով կստեղծեն ռոբոտաշինական սարքեր: Ավարտական փուլում կընտրվի հաղթող սարքը, որը հնարավորություն կստանա 2022 թ․-ի մարտին  թռչելու տիեզերք:

«Տիեզերքի հետազոտությունն արդեն երկար տարիներ է, ինչ մեծ հետաքրքրություն է առաջացնում սերունդների շրջանում։ «Քեմուրջյանի անվան տիեզերքի համաերիտասարդական մրցույթ»-ի նպատակն է ձևավորել ձեռնարկատիրական մտածելակերպ ունեցող գիտնականների և տեխնոլոգների երիտասարդ սերունդ, ովքեր հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու տիեզարական հետազոտությունների և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձը: Այս մրցույթն աննախադեպ հնարավորություն է նրանց գաղափարները գործնականում ուսումնասիրելու, փորձարկելու և դրանք կյանքի կոչելու համար»,- նշում է HayTech կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Աստվածատրյանը: 

Հայաստանում տարիներ շարունակ գործում են բազմաթիվ ռոբոտաշինության խմբակներ: Նրանցից ոմանք մի շարք միջազգային մրցանակների են արժանացել: Այժմ ժամանակն է փորձարկել նրանց տիեզերքում:

«Քեմուրջյանի անվան տիեզերքի համաերիտասարդական մրցույթը» առաջին քայլն է գործնականորեն ցույց տալու, որ տիեզերքն այժմ հասանելի է ավելի քան երբեք: Իսկ մեր համար առավել ևս կարևոր է դա ցույց տալ երիտասարդ սերնդին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով և իրենց իսկ մասնակցությամբ: Նրանք են լինելու մեր զարգացող երկրի սեփական տիեզերագիտության ոլորտի առաջատարները. Քեմուրջյանները, Իոսիֆյանները… : Նման բացառիկ հնարավորությունը շատ ոգեշնչող է և չափազանց հետաքրքիր». ասում է  Bazoomq Space Research Lab-ի համահիմնադիր՝ Հայկ Մարտիրոսյանը: 

Մրցույթին մասնակցելու համար  հարկավոր է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3nFWWep: Գրանցման վերջնաժամկետն է 2022թ -ի հունվարի 7-ը: 

Մրցույթի ընթացակարգին, ինչպես նաև սարքի տեխնիկական պահանջներին կարելի է ծանոթանալ https://bit.ly/3nFWWep հղմամբ: 

Bazoomq Space Research Lab-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ մասնագիտացած տիեզերական հետազոտությունների բնագավառում: Կազմակերպության նպատակն է Հայաստանում և Հայաստանի համար ստեղծել և զարգացնել հմտություններ ու կարողություններ՝ բարձրակարգ տիեզերական հետազոտությունների և կրթության իրականացման, ինչպես նաև ստարտափների ստեղծման նպատակով։ 

HyeTech-ը Սիլիկոնյան հովտում գտնվող հայ մասնագետների միություն է, որը համախմբում է նրանց տեխնիկական, բիզնես և ձեռնարկատիրական փորձառության շուրջ:

Share