Այլ Լուրեր

Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միացել է Մարտունու տեխնոդպրոցի ստեղծման նախագծին

Արցախի կառավարությունը միացել է Արցախի «Մունք» տեխնոդպրոցը ստեղծելու նախագծին՝ այդ թվում ֆինանսական աջակցություն տրամադրեով։

Արցախում Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից։ Նպատակը երեխաներին որակյալ տեխնիկական գիտելիքներ տալն է, ինչը նրանց համար զարգացման հեռանկարներ կստեղծի իրենց իսկ բնակավայրերում և ճանապարհ կբացի դեպի ՏՏ շուկա։

Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է, որը Ստեփանակերտում ուսման և Երևանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ և մշակել է Տեխնոդպրոցի գաղափարը։ Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 68 մլն դրամ։

«Մարտունու տեխնոդպրոցը Մարտունի քաղաքի և ենթաշրջանի գյուղերի տեխնոլոգիական ապագան է։ Տեխնոդպրոցի ստեղծմամբ մենք տեխնոլոգիական կրթությունը դնելու ենք որակական նոր հիմքերի վրա։ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը սատար է կանգնում այս բացառիկ նախագծի իրականացմանը՝ կրկնապատկելով մինչև 14 միլիոն դրամ արված ցանկացած ներդրում։ Մարտունու տեխնոդպրոցը մեր կրթական հաղթաթուղթն է», – ասում է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Նշենք, որ շարժական լաբորատորիաների հետ մեկտեղ ապագայում ստեղծվելու է մեծ տեխնոլոգիական դպրոց։ Շենքն ունենալու է երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ և սանհանգույց։ Նախագծի շրջանակում Հաղորտիի գյուղապետարանը տրամադրել է համայնքապետարանի շենքը։ Վերանորոգումից հետո այն կկարողանա ընդունել 100 երիտասարդ, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280։ Հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկիր կբերի շուրջ 1 մլրդ դրամ, ինչպես նաև կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։

«Այս կրթական ծրագրերը մշակվել էին դեռ 2017 թ-ին, որպեսզի ուղղակի մի քիչ ակտիվացնենք Արցախի գյուղերի կյանքը, երեխաների և դեռահասների կրթության մեջ փոփոխություններ անենք, բայց ամենակարևորը՝ արդիականացնենք կրթության ոլորտը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք ուղղակի համակարգիչներով շրջում էինք գյուղերով։ Այնուհետ այս գաղափարի շուրջ միավորվեցին ՏՏ ոլորտի ավելի քան 30 մասնագետներ։ Հիմա մեր ուսանողական նախաձեռնությունը դարձել է մեծ տարածաշրջանային նախագիծ, որին միացել է և Արցախի կառավարությունը», – ասում է «Ես» կրթական  հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը։

«Ես» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2019 թ-ին Աշոտ Ավանեսյանի և նրա կնոջ՝ Լուիզայի կողմից։ Այսօրվա դրությամբ հիմնադամի դասընթացներն օգնել են արդեն 80 արցախցի 13-17 տարեկան երեխաներին։ Ուսումն ավարտելուց հետո աշակերտները հնարավորություն են ստանում իրենց սեփական ընկերությունները ստեղծել։ Առաջին հաջողված նախագիծն է դարձել StartSystems ստարտափը, որը հիմնադրել են դասընթացի առաջին շրջանավարտները։ Մարտունու շրջանում այս պահին 100-ից ավել երեխա է մասնակցում դասընթացին, մոտակա երկու ամիսների ընթացքում այդ թիվն անցնելու է 120-ը։ Եվս 50 աշակերտ ունի Ստեփանակերտի լաբորատորիան։ Հաջորդ տարվա սկզբին «Ես» կրթական հիմնադրամը կունենա ՏՏ գիտելիքներովավելի քան 200 շրջանավարտ։

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտունը, Backbone-ը: Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։ Հարթակի ստեղծմանն արդեն միացել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում են Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը,  Picsart-ը, Digitain-ը, Easy D’Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն:

Share