Բաժին. Այլ Լուրեր

Դրամական աջակցություն՝ Սուրմալուի պայթյունից վիրավորվածներին և զոհերի ընտանիքներին

Կառավարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց աջակցություն կտրամադրի: Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Նախագծով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել զոհված անձանց ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց: Մասնավորապես, առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել վիրավորում ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև 3 օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150 հազար դրամի չափով, 3 և ավելի օր բուժում ստացածներին՝ 300 հազար դրամի չափով: Զոհված անձանց ընտանիքների դեպքում յուրաքանչյուր զոհվածի համար 3 միլիոն դրամի չափով»,- ասաց Մկրտչյանը:

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Փլուզվել էր եռահարկ շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էր 16 քաղաքացու մարմին։

Share